2016-09-04 08:30:00

Երկու հրաշք` Մայր Թերեզայի բարեխօսութեամբ


Երանելի Մայր Թերեզայի մահուանից ի վեր աշխարհը սպասում էր նրա սրբադասմանը։ Նոյնիսկ նրա կենդանութեան օրօք աշխարհը տեսնում էր նրան որպէս կենդանի սուրբ։ Սբ․ Յովհաննէս Պօղոս 2-րդը հրաժարուեց պարտադիր 5-ամյա ժամկէտին սպասելուց, որպէսզի սկսի Երանացման գործընթացը։

Երկու հրաշք է անհրաժեշտ, մէկը` երանացման համար, միւսը՝ սրբադասման, բայց Մայր Թերեզայի մահուան օրերին, հնարաւոր հրաշքների մասին տեղեկութիւններ հաղորդուեցին ամբողջ աշխարհում։ Եւ այսպիսի պահանջների հետ միասին Եկեղեցին նախաձեռնեց բազմակողմանի և մանրազնին ուսումնասիրութիւններ և վերջում, այս երկու հրաշքները հաստատուեցին Եկեղեցու կողմից։

Առաջին հրաշքը տեղի ունեցաւ Արևմտեան Բենգալիայում՝ (West Bengal) Հնդկաստանում, դա հնդկացի մի կնոջ՝ Monica Besra-ի բուժումն է, ում որովայնային ուռուցքն այնքան էր խորացել, որ բժիշկները կորցրել էին նրան փրկելու յոյսը։ Յանձնուելով Բարեգործութեան Միսիոներների խնամքին, կինը այնպէս էր տառապում ուռուցքի պատճառով, որ այլևս չկարողացաւ քնել։ Մայր Թերեզայի մահուան առաջին տարելիցին միանձնուհիները, Թերեզայի մարմնին դպչած Հրաշագործ մետալիոնը դրեցին կնոջ որովայնին։ Տառապեալ կինը քնեց, և երբ արթնացաւ, այլևս ցաւ չզգաց։ Բժիշկները զննեցին նրան և բացայայտեցին, որ նրա ուռուցքն ամբողջովին անհետացել էր։

Բժշկական մասնագէտների մի խորհուրդ, Սրբերի Գործերով զբաղուող Վարչութեան հետ միասին սկսեցին ուսումնասիրել այդ ենթադրեալ հրաշքը։ Արձանագրութիւնները գնահատելուց և ամբողջ բժշկական անձնակազմին հարցաքննելուց յետոյ խորհուրդը որոշեց որ բուժումը բժշկական տեսանկիւնից անհնարին էր։ Յովհաննէս Պօղոս 2-րդը այս հրաշքը հաստատեց 2002թ-ի դեկտեմբերի 20-ին՝ Մայր Թերեզայի մահուանից միայն հինգ տարի անց։

Երկրորդ հրաշքը տեղի ունեցաւ Բրազիլիայում՝ 2008թ- դեկտեմբերին։ Marcilio Haddad Andrino-ն, Բրազիալիայի Սանտոս քաղաքում բնակուող ճարտարագէտ, ով այժմ 42 տարեկան է, տառապում էր ուղեղի բակտերիական վարակով, որը հանգեցրեց ուղեղի սուր թարախակալման և տանջող գլխացաւի։ Մի քահանայ վերջերս ամուսնացած այդ երիտասարդին և նրա կնոջը քաջալերեց աղօթել Մայր Թերեզային՝ նրանից օգնութիւն ստանալու համար։ Andrino-ն սակայն ընկաւ կոմայի մէջ, քանի որ բուժումները ձախողուեցին և մինչ Rocha-ն աղօթում էր, Andrino-ին տարան ծայրայեղ վիրահատութեան։ Երբ վիրաբոյժը մտաւ վիրահատարան, նա տեսաւ, որ Andrino-ն արթուն էր և հարցրեց նրան, թէ ինչ է կատարւում։

Andrino-ն ամբողջութեամբ ապաքինուեց, և հիմա զոյգը ունի երկու երեխայ, չնայած նրան, որ բժիշկները այս ամենը համարում էին բժշկական տեսանկիւնից անհնար։ Հայր Kolodiejchuk-ը նրանց երեխաներին համարեց երկրորդ հրաշք։

 

2015թ-ի դեկտեմբերին մի հարցազրոյցում Հայր Kolodiejchuk-ը բացատրեց, թէ ինչ ուշացում կար 2008-ից 2015թթ. միջև: «Հրաշքը տեղի է ունեցել 2008թ-ին».- ասաց նա.- «բայց մենք չենք լսել դրա մասին մինչև 2013թ-ը։ Բժիշկը Կաթողիկէ չի եղել։ Ինչ-որ ձևով, Հռոմի Սրբազան Քահանայապետի Բրազիլիա կատարած այցը պատճառ դարձաւ, որ նա ինչ-որ բան ասեր Բրազիլիայի Santos քաղաքի քահանաներից մեկին, և վերջիվերջոյ այդ նորութիւնը հասաւ ինձ։ Այդպիսով, սկսուեց իրադարձութիւնների շղթան»։

2015թ-ի սեպտեմբերին Սրբերի Գործերով զբաղուող Վարչութիւնը ընդունեց բժշկական խորհրդի եզրակացութիւնները և զեկոյց ներկայացրեց Հռոմի Սրբազան Քահանայապետին՝ հրաշքների վերջնական հաստատման համար։ Դեկտեմբերի 17-ին Քահանայապետը պաշտօնապէս ճանաչեց այն երկու հրաշքները, որոնք անհրաժեշտ էին Մայր Թերեզայի սրբադասման համար։

 

Քաղուած http://armenianchurchco.com/կայքէն

 








All the contents on this site are copyrighted ©.